Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը «Պաշտպանության» մասին օրենքին առաջին ընթերցման ժամանակ կողմ է քվեարկել, ուսման տարկետումը հանելուն չեն առարկել։ Ուսման տարկետումը վերականգնելու պահանջով փողոց դուրս եկած ուսանողներին չեն սատարում։ Պատգամավոր Վահե էնֆիաջյանը նրանց պայքարի մասին հստակ դիրքորոշում չի հայտնում, սակայն իր օրինակն է հիշեցնում։ Ուսման կեսից բանակ է զորակոչվել։ Վերադառնալուց հետո էլ շարունակել է մինչեւ ասպիրանտուրա։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ պետք է վիճակագրությամբ ցույց տալ այս տարիներին ովքեր են ուսման տարկետման իրավունքը գիտության ծառայեցրել, ովքեր՝ ծառայությունից խուսափելուն։ «Պետք է հասկանալ՝ Հայաստանի ներկայիս իրավիճակը եւ էս ներկայիս վիճակում արդարացի լուծում գտնելու ճանապարհը։ Ես կարծում եմ նախաձեռնողների հետ պետք է քննարկեն ու հասկանան նրանց առաջարկությունը։ Ես կողմնակից եմ, որ Հայաստանում գիտությունը զարգանա, ունենա առաջընթաց, բայց էս համատեքստում լավ առիթ է, որ վիճակագրական տեսքով կարողանանք ամփոփել՝ երբ որ սկսվել է «Զինապարտության մասին» օրենքի քննարկումը, ովքեր են էս արանքում գիտությամբ զբաղվել, եւ ովքեր են այն մարդիկ, որոնց համար զինծառայությունից խուսափելու միջոց է եղել եւ այդ առումով կրկնակի վնաս են հասցրել Հայաստանին»։
Պատգամավորը խուսափեց հստակ ասել՝ իրենց խմբակցությունը ինչ դիրքորոշում ունի ուսանողների պայքարի մասին. «Պետք է քննարկենք, նոր ասենք։ Այս պահի դրությամբ բոլոր կողմերի խորքային հիմնավորումները մեկ անգամ եւս լսել եւ վերանայել է պետք»։



























