Ուսանողական ցույցը ինքնաբուխ է եւ զուր են օրենքի պաշտպանները ականջներ փնտրում իրենց պայքարի թիկունքում։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ցույցի համակարգողներից Դավիթ Պետրոսյանը։

Դավիթը Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4–րդ կուրսի ուսանող է։ Նա ուսման տարկետման իրավունքից չի օգտվել։ 18 տարին լրանալուց հետո բանակ է զորակոչվել, հետո շարունակել կրթությունը։ Այսինքն, նոր օրենքի «թիրախներից» չէ։ Ցուցարարների շարքում Դավիթի պես ծառայած ուսանողների, ինչպես նաեւ ուսանողուհիների ակտիվ մասնակցությունը շատերի մոտ կասկածի տեղիք է տվել, թե Վիգեն Սարգսյանի քաղաքական հակառակորդների դրդմամբ են նրանք պայքարի դուրս եկել։

«Էդպիսի բան են արդեն ասո՞ւմ։ Այս շարժման մեջ կան ծառայածներ, չծառայածներ, ինչպես նաեւ աղջիկներ։ Ովքեր նման բան են ասում, երեւի չգիտեն՝ ովքեր են կազմակերպիչները։ Նշանակություն չունի՝ ես ծառայել եմ, թե ոչ։ Սա ուսանողական շարժում է, մարդիկ ուզում են միֆերի հավատալ, ամեն ինչ անում են, որ առեղծվածային բան սարքեն, սա ուսանողական նախաձեռնություն է, շատ հնարավոր է՝ կան քաղաքական ուժեր, որ կարծիք են հայտնել այս մասին ու եթե, դա հիմք է տալիս, որ մտածեն՝ ուղղորդվում է ինչ–որ մարդկանց կողմից, ապա ես չեմ կարող նրանց պատասխանել։ Ոչ մեկի կողմից չի ուղղորդվում, եթե ինչ–որ մեկը փաստեր ունի, որ ուղղորդվում է մեր ցույցը, թող հրապարակի»,–ասաց Դավիթ Պետրոսյանը»։ Հիշեցնենք, որ ուսաողական ցույցի համակարգողները հանդիպել են վարչապետի, պաշտպանության եւ կրթության նախարարների հետ, սակայն անպտուղ քննարկում է եղել։ Վարչապետը չի ընդունել նրանց պահանջը, առաջարկել է օրենքն ընդունելուց հետո միայն առաջարկներ ներկայացնել կառավարություն, ինչին ընդդիամցել են ուսանողները։ Նրանք դասադուլը շարունակելու են։