Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է Եվրամիությունից երկրի դուրս գալու ժամկետն օրենսդրորեն հաստատել: Խորհրդարանին կառաջարկվի 2019 թվականի մարտի 29-ը, ըստ Գրինվիչի՝ ժամը 23.00-ն, հայտարարել է կառավարության ներկայացուցիչը, փոխանցում է DW-ն: 

Brexit-ի ճշգրիտ օրն ու ժամը կամրագրվեն ԵՄ-ից դուրս գալու օրենքի լրացուցիչ հոդվածով, որն այժմ քննարկվում է բրիտանական խորհրդարանում, Twitter-ում նշել է Brexit-ի հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը:

Այս օրն արդեն նախկինում որոշվել էր, քանի որ հենց այդ ժամանակ է լրանում Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ երկամյա բանակցային ժամկետը, որը սկսվել է 2017 թվականի մարտի 29-ին Brexit-ի վերաբերյալ պաշտոնական դիմումը Եվրամիությանը փոխանցելուց հետո:

Սակայն որեւէ օրենքում չի ամրագրվել, եւ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները վախենում են, որ այն կարող է ձգձգվել բանակցությունների դժվար ընթացքի պատճառով: Խորհրդարանում Brexit-ի մասին օրինագծում փոփոխություններ կատարելու հարցը պետք է քվեարկության դրվի հաջորդ շաբաթ: Եվրամիությունից դուրս գալու ամսաթվի հաստատման հարցով վերջնական քվեարկությունը կարող է ամիսներ հետո անցկացվել: