Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նորից խոստովանել է, որ սպանություն է կատարել։ Նա նշել է, որ դեռ պատանի տարիքում մարդ է դանակահարել։ Այս մասին նա ասել է Վիետնամում ֆիլիպինական համայնքի առջեւ ելույթ ունենալիս, փոխանցում է AFP–ը։

«16 տարեկանում ես արդեն մարդ էի սպանել։ Դա ծեծկռտուք էր, որը դանակահարությամբ ավարտվեց։ Ես ընդամենը 16 տարեկան էի»,– ասել է նա։

Դուտերտեն նախագահական ընտրություններում հաղթել էր անցյալ տարի՝ խոստանալով արմատախիլ անել թմրավաճառությունը։ Նրա պաշտոնավարման պահից ի վեր սպանվել է մոտ 4000 մարդ։ Շատերը պնդում են, որ Դուտերտեն արտադատական զանգվածային սպանությունների արշավ է կազմակերպել։ Սակայն նախագահն ինքը հերքում է այդ մեղադրանքները։

Ավելի վաղ նա արդեն խոստովանել էր, որ մարդկանց է սպանել Դավաոյի քաղաքապետ լինելու տարիներին։ Նա այդպիսով ցանկացել է օրինակ ծառայել ոստիկանությանը։ Դուտերտեի օգնականները բազմիցս լրագրողներին հայտնել են, որ պետք չէ հավատալ նրա ամեն մի բառին, քանի որ նախագահը հաճախ կատակում է կամ չափազանցնում։