Աշխարհի խոշորագույն գեղարվեստի թանգարաններից մեկը՝ Նյու Յորքի Մետրոպոլիտենը, հայտարարել է իսպանացի մեծ նկարիչ Դիեգո Վելասկեսի նոր նկարի հայտնաբերման մասին։ Այդ մասին հայտարարվել է նրա կտավների կրկնակի հետազոտությունից հետո։ Մինչ այժմ համարվում էր, որ նկարը պատկանել է Վելասկեսի աշակերտներից մեկի վրձնին։ Նկարը 30-40 տարեկան տղամարդու դիմանկար է, որը կրում է սպիտակ օձիքով սեւ գույնի հագուստ, ինչը շատ հատուկ է XVI-րդ ու XVII-րդ դարերին։
Նշենք, որ Վելասկեսը (Դիեգո Ռոդրիգես դե Սիլվա եւ Վելասկես, 1599-1660) իսպանական Ոսկե դարի մեծագույն վարպետներից մեկն է։ Նրա աշխատանքներում գերակշռում են դիմանկարները եւ կրոնական ու դիցաբանական սյուժեները։




























