Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարաման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանավանի տարածաշրջանի Լոռի Բերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում H-33 ավտոճանապարհի Ստեփանավան-Օձուն հատվածի 4-րդ կմ-ում «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրասյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղեւորներ Արտակ Մովսիսյանը, Գեղամ Սիմոնյանը, Կիմա Դոլմազյանը ու Դիանա Եղիազարյանը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից ու շտապօգնության ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին ու մոտեցրել շտապօգնության ծառայության ավտոմեքենան.նա եւս հոսպիտալացվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազի բալոնի փականը:
Կենտրոն ընդունման պահին բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության: Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ բոլոր տուժածներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, նրանցից մեկը՝ Դոնարա Ե.-ն, ով Ստեփանավանի բնակիչ է, հետագա ստացիոնար բուժումը կշարունակի տեղում, իսկ մյուսները, ովքեր Երեւանի բնակիչներ են, կտեղափոխվեն Երեւան ու բուժումը կշարունակեն իրենց բնակության վայրի բժշկական կենտրոններում:



























