Շիրակի մարզի Հացիկ գյուղի բնակիչ 42-ամյա Աստղիկ Ա.-ն նոյեմբերի 8-ին դիմել է ոստիկանության Ախուրյանի բաժին եւ հայտնել, որ հոկտեմբերի 25-ից մինչեւ նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իրեն անհայտ հանգամանքներում իր տան ննջասենյակի մահճակալին դրված բարձի միջից գողացել են ապակյա տարայում պահվող ոսկյա եւ արծաթյա զարդերը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նա կրել է մոտ 2 մլն 500 հազար դրամի նյութական վնաս։ Տուժածը ոստիկաններին հայտնել է նաեւ, որ գողության մեջ ինքը կասկածում է համագյուղացի՝ 23-ամյա Մարիամ Մ.-ին, քանի որ միայն նա է իմացել, թե որտեղ են պահված ոսկյա եւ արծաթյա զարդերը։
Նոյեմբերի 10-ին, Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել Մարիամ Մ.-ին, ով հայտնել է, որ գողությոնը կատարել է ինքը եւ ողջ գողոնը վաճառելու նպատակով այն հանձնել է իր ամուսնուն՝ 23-ամյա Արկադի Բ.-ին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումներ՝ Արկադի Բ.-ին եւ գողացված ոսկյա եւ արծաթյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ։


























