Այսօր՝ դեկտեմբերի 17-ին առավոտյան ժամը 11։00-ին Երեւանի Ավագանին նիստ կգումարի, որտեղ պետք է ընտրի Երեւանի նոր քաղաքապետին: Դեռեւս դեկտեմբերի 13-ի Ավագանու նիստում որոշվել էր, որ քաղաքապետի ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 17-ին:

Իսկ երեկ՝ դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան ՀՀԿ խորհուրդը միաձայն որոշել է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում կուսակցությունն առաջարկում է «Հայռուսգազարդ» ընկերության նախագահ Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

Մինչ այդ նշվում էր, որ ՀՀԿ-ում այդ պաշտոնի համար քննարկվում է երկու թեկնածություն. Կարեն Կարապետյանի եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի: Դեռ 2 օր առաջ NEWS.am-ը հայտնել էր, որ ամենայն հավանականությամբ, Երեւանի հաջորդ քաղաքապետը հենց Կարեն Կարապետյանն է լինելու:

Հաշվի առնելով, որ Երեւանի ավագանում ՀՀԿ-ն ունի բացարձակ մեծամասնություն՝ 35 մանդատ, ապա ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի թեկնածության քվեարկությունը Երեւանի Ավագանու նիստում կրելու է զուտ ձեւական բնույթ:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել էր Գագիկ Բեգլարյանը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելուց հետո: