Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այս խնդրով առաջինը կհանդիպի Թուրքիայի ազգային մեծ ժողովի նորընտիր նախագահ Մեհմեդ Ալի Շահինին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk կայքէջը։
Թուրքիայի եւ Հայաստանի օգոստոսի 31-ի հայտարարություններից 10 օր հետո Թուրքիայում սկսվում են քաղաքական կոնսուլտացիաները։ Այդ շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն սեպտեմբերի 11-ին կհանդիպի Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ։ Դավութօղլուն քաղաքական կուսակցությունների ղեկավարներին առաջարկել է հանդիպել եւ քննարկել այս խնդիրը։ Եթե քաղաքական կուսակցություններից դրական պատասխան գա, ապա համաձայնագրերի բացատրությունը կտա միայն Դավութօղլուն։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կայացած պայմանավորվածության համաձայն` քաղաքական քննարկումների գործընթացը կտեւի 6 շաբաթ։ Այսինքն այն կստորագրվի Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղից առաջ։ Թուրքիայի արտգործնախարարությունը արդեն համաձայնեցրել այդ ուղղությամբ իր օրացույցը։ Ըստ դրա, Դավութօղլուի նպատակը մինչ սեպտեմբեր ամսվա վերջ Հայաստանի հետ կայացած համաձայնությունը ընդդիմությանը բացատրելն է։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելուց անմիջապես հետո Թուրքիայում Դավութօղլուն նախատեսում է հանդիպել կուսակցությունների ղեկավարների հետ։




























