Գիտության զարգացման խնդիրը տարկետման մեջ չէ, կրթության ոլորտում ներդրումների պակասի հարց է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի  կարգավիճակի մասին» օրինագծի շուրջ քննարկման ժամանակ նշեց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Ո՞ւր են այն գիտնականները, որոնք օգտվել են տարկետումից ու գիտության ոլորտում հասել են բարձունքների։ Չկան։ Իմ խորին համոզմամբ, բանակից հետո երիտասարդները ավելի մեծացած, ավելի հասուն եւ ավելի գիտակից են վերադառնում»,-ընդգծեց նա։

Նրա  փոխանցմամբ, օրենքը փորձ է հաստատել արդարություն, այսինքն՝ սա մարդկանց սահմանադրական պարտականությունների կատարման ուղղված քայլ է։ «Իհարկե օրենքը ունի խոցելի տեղեր, ձեւակերպումների խնդիր, հարցականի տակ է լիարժեք կիրառումը, բայց իմ մտահոգությունն այն է , որ դասադուլավորների մեջ միայն 2 հոգի է կարդացել այդ օրենքը։Մինչդեռ օրենքը չի վերացնում տարկետում։ Նրանց, ովքեր արդեն ծառայել են, մտահոգում է այն, որ  իրենք էլ կարող էին չծառայել»,-մտահոգութուն հայտնեց նա։

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, մեկ այլ խնդիր եւս կա՝ պրոֆեսորադասախոսական կազմի մեջ շատ են դասախոսները, որոնք եւս դեմ են օրենքին, բայց առաջ են մղում ուսանողներին։ «Մենք անընդհատ մեղադրում ենք իշխանություններին, որ իրենց զավակներին ազատում են, բայց նույն կերպ վարվում են դասախոսները, ովքեր իրենց տղաներին առաջ են մղում, նրանց պարապեցնում, երբեմն նույնիսկ նրանց փոխարեն գրում համապատասխան աշխատանքներ, այնքնան մինչր կլրանա նրանց 27-ը եւ նրանք կազատվեն բանակից»,-կարծիք հայտնեց նա։

Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Պաշտպանության նախարարությունը պետք օրենքի քննարկում կազմակերպեր, նաեւ ուսանողների եւ դասախոսների հետ նրանց կարծիքն ու տրամադրությունները հասկանալու համար։

Ամփոփելով իր խոսքը, նա նշեց, որ օրենքին ինքը կողմ է, սակայն մտահոգ է դրա կիրառման հնարավորություններվ՝ ընդհուպ առաջարկելով ստեղծել մոնիտորինգային մարմին օրենքի կիրառումը ապահովելու համար։

Նշենք, որ օրեր նոյեմբերի 9-ին դասադուլավոր ուսանողները հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Կառավարությունում երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:

Նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան հրավիրվել էր ՀՀ Ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ եւ նախագիծը, դրական եզրակացությամբ, ուղարկվել ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգ: ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ օրենքի նախագծում արվել են որոշակի զիջումներ, մասնավորապես բացառիկ տաղանդավոր ուսանողները կազատվեն զինծառայությունից: ԱԺ քառօրյան մեկնարկում է նոյեմբերի 14-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա: