ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը  «Հայռուսգազարդի» վարչության նախագահ Կարեն Կարապետյանին գնահատում է իբրեւ լավ մենեջեր, ժամանակակից ընկալումներով անձնավորություն, բայց ոչ երբեք ՝ քաղաքական անձ։ Այս մասին նա ասաց դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Կ. Կարապետյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու թեմային:

«Քանի որ Երեւանի քաղաքապետարանը կամ ավագանին ձեւավորվում է քաղաքական հենքի վրա, այս դեպքում ես ձեռնպահ կմնամ Կարեն Կարապետյանի քաղաքական մոտեցումները գնահատելուց։ Երեւի կյանքը ցույց կտա, բայց որպես մենեջեր՝ նա պրոֆեսիոնալ է, կարծում եմ՝ իր նման պրոֆեսիոնալները շատ ավելի պետք  են մասնավոր հատվածում»,- կարծիք հայտնեց Արծվիկ Մինասյանը։

Անդրադառնալով Կառավարությունում օրերս կատարված փոխատեղումներին՝ պատգամավորը նշեց. «Այն, ինչ պետք է ակնկալենք Կառավարությունից, ոչ թե սովորական փոխատեղումներն են, այլ առաջին հերթին ծրագրային վերանայումները եւ գաղափարական փոփոխությունները, որի վրա էլ պետք է վարվի կադրային  քաղաքականությունը»,- ավարտեց Մ ինասյանը։