Հասարակության շրջանում լուրջ անհանգստություն կա, որ հաջորդ տարի 5500 պետական աշխատող է ազատվելու աշխատանքից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Ինձ համար զավեշտալի է, երբ ասում են, որ ազատվողների շարքերում հիմնականում տեղ են գտնելու անպիտան աշխատուժի, ոչ բարձր որակավորման, ոչ անհրաժեշտ արտադրողականություն ցուցաբերած անձինք։ Հարգելի ընկերներ, բա ի՞նչ եք մտածել այսքան ժամանակ պետական ապարատն այդչափ ուռճացնելու մասին, ո՞վ է հատուցելու պետությանը պատճառված վնասները»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով, պետությունը պետք է մտածի այդ 5 հազար աշխատողի ապագայի մասին, քանի որ նրանցից յուրաքանչյուրն առնվազն 3 հոգու հոգս է հոգում. «Ուզո՞ւմ եք ձերբազատվել անպիտան կադրերից, ազատվեք իրենց գործից անտեղյակ նախարարներից, հարկային բռնարարներից, դիվանագիտական աշխատանքի հետ կապ չունեցող և դիվանագիտական հաստատությունները հանգստի գոտու վերածած դեսպաններից»:

Գեւորգ Պետրոսյանը հորդորեց չկործանել պետությունը, չսասանել քաղաքացիների հավատը երկրի նկատմամբ: