Վերջին տարիներին ավանդների եւ վարկերի տոկոսադրույքների միջեւ տարբերությունը նվազել են մոտ 3 անգամ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում, 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին, թե ինչպիսի քաղաքականություն է իրականացվում, որ բիզնեսի համար վարկերը լինեն մատչելի, նա պատասխանեց. «Այդ տարբերության մեջ հիմնական բաղադրիչը ոչ թե բանկերի շահույթն է, այլ այն ռիսկերը, որոնք առկա են ֆինանսական ճգնաժամից հետո:

Պայքարը բանկային համակարգում բավական բարձր է: Բացի այդ, վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընթացել է միջազգային տրենդին համահունչ: Հասել է այն մակարդակին, որից ավելի նվազեցումը չի բերի մեծ փոփոխությունների՝ տոկոսադրույքների փոփոխության առումով»: