Հայաստանում յուրաքանչյուր երիտասարդ պետք է ծառայի բանակում։ Այս մասին նոյեմբերի 15-ին լրագրողներին ասել է «Ելք» դաշինքից Երեւանի ավագանու խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը, թեպետ դաշինքն ի սկզբանե կտրականապես դեմ էր բանակից տարկետումն ամբողջովին չեղարկող օրինագծին։
Բախշյանը նշեց, որ կողմ է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի ընդունմանն ու Հայաստանում ակտիվ զինվորական պահեստազորի առկայությանը։ «Մենք ասում ենք, որ գիտությունը կտուժի, բայց, ժողովու՛րդ, երբ մենք ունեինք տարկետում, գիտությունը, չգիտես ինչու, չէր զարգանում»,– ասաց Բախշյանը՝ վստահություն հայտնելով, որ տարկետման առկայությունը կամ բացակայությունը գիտության հետ կապ չունի։
Միաժամանակ «Ելք» դաշինքի ԱԺ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Հայաստանի առջեւ հսկայական խնդիրներ էին ծառացել, ինչպես, 1988-ի երկրաշարժի հետեւանքների վերացումը, Ղարաբաղում պատերազմը, այն ժամանակվա իշխանությունները չգնացին այդպիսի արմատական որոշումների, ինչպիսին տարկետման վերացումն է։ «Ես կարծում եմ, որ եթե այն ժամանակվա իշխանությունները ցանկանային, կարող էին ընդունել նման օրենք։ Մենք բանակում զինծառայողների առկայության խնդիր չունենք»,– ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ ապրիլյան էսկալացիայի ժամանակ հայկական բանակում ծառայողների պակաս չկար, ընդհակառակը, կամավորների թիվը մեծացել էր։



























