2017 թվականի 9 ամիսների արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը 0,6 տոկոսով աճել է, ինչը երկրի տնտեսության մեջ ստվերային շրջանառության կրճատման ցուցանիշն է: Նոյեմբերի 15-ին ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս թիվը հնչեցրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Ամենակոպիտ հաշվարկներով՝ խոսքը 30 մլրդ դրամին է վերաբերում, որը որպես հարկային մուտքեր ներգրավվել է ստվերի կրճատումից: Ըստ որում՝ այս միջոցների մեծ մասի աղբյուրը խոշոր բիզնեսն է եղել»,- պարզաբանեց ֆինանսների նախարարը:
Ի պատասխան «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հարցին, թե բիզնեսի ներկայացուցիչները բողոքում են հարկայինների գործադրած ճնշումից, Արամյանը պարզաբանեց, որ այս տարի հարկային ստուգումների թիվը 50 տոկոսով կրճատվել է: Դրա հետ մեկտեղ, շարունակեց նա, ընթացիկ տարվա 9 ամիսներին բյուջե հարկային մուտքերը 9,4 տոկոսով աճել են՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017-ի 9 ամիսների ընթացքում պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ: Պետական եկամուտների կոմիտեն ընդհանուր առմամբ ապահովել է 860,5 մլդ դրամի հարկային մուտքեր, այդ թվում նաեւ ԱԱՀ հետվերադարձի գումարները: Ըստ որում՝ մոտ 640,7 մլրդ դրամն ապահովվել է հարկային, իսկ 219,7 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների կողմից:
Միաժամանակ, 2016-ի սեպտեմբերից սկսած՝ 47,8 տոկոսով կրճատվել է հարկային մարմինների կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների թիվը: 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հարկային գերավճարները կրճատվել են 7,2 մլրդ դրամով, իսկ հարկատուների չվճարած հարկերի եւ պետական բյուջե այլ պարտադիր մուտքերի ցուցանիշը հաշվետու ժամանակաշրջանում նվազել է 6,5 մլրդ դրամով:




























