Այսօր՝ դեկտեմբերի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, դեր ծովակալ Մարկ Մոնտգոմերի գլխավորած պատվիրակությանը, եւ քննարկել հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:

Կարեւորելով պաշտպանության ռազմավարական վերանայման, ռազմական կրթության, խաղաղապահության, ականազերծման եւ պաշտպանության այլ ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությունը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ այն ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության կարեւոր ուղղություններից է:

Բարձր գնահատելով միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը եւ ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունը` դեր ծովակալ Մարկ Մոնտգոմերը նշել  է, որ ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը եւ ընդլայնել նրա շրջանակները: