Ղազախստանը, լինելով բազմազգ երկիր, ուր ապրում են 130 ազգություններ, ազգերի խաղաղ գոյատեւման բավական մեծ փորձ ունի։ Այդ է պատճառը, որ ԵԱՀԿ-ում նախագահելու ժամանակ հանդուրժողականությունը Ղազախստանի համար գլխավոր կետերից էր։ Այս մասին դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոզ Բոզժիգիտովը՝ ներկայացնելով կազմակերպությունում իր երկրի նախագահության արդյունքները։

Նրա խոսքով, որպես ԵԱՀԿ գործող նախագահող երկիր՝ Ղազախստանը ջանացել է անել հնարավոր ամեն բան, որպեսզի արդարացնի գործընկեր երկրների վստահությունը եւ սպասումները։ «Սակայն մենք պետք է համաձայնենեք, որ ԵԱՀԿ-ի՝ որպես միջազգային կառույցի կայացումը դեռեւս չի ավարտվել»,- նկատեց Այիմդոզ Բոզժիգիտովը։

Դեսպանը կարծիք հայտնեց, որ 11 տարվա դադարից հետո ԵԱՀԿ գագաթաժողովի անցկացումն Աստանայում նպաստեց կազմակերպության հեղինակության վերականգնմանը։