«Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի» մասին օրենքի դեմ ընդվզող ուսանողների եւ շահագրգիռ այլ ներկայացուցիչների հետ առաջիկայում սպասվող կլոր սեղանին հնարավոր է՝ մասնակցեն նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները: Աժ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ օրենքին իրենց կողմ քվեարկելու հանգամանքը չի խանգարում մասնակցել նաեւ այս քննարկումներին:
Միքայել Մելքումյանին հիշեցրինք, որ ուսման տարկետման իրավունքը վերացնելու դեմ «Ծառուկյան» դաշինքը որեւէ առարկություն չի ներկայացրել, հիմա ի՞նչ առաջարկ ունեն, պատասխանեց. «Խոսքը ոչ թե ուսման տարկետումը հանելումասին է, այլ տարկետումը փոխելու ձեւ կա, որը կարելի է ենթաօրենսդրական նորմերով կարգավորել»:
Մեր դիտարկմանը՝ ինչու իր իսկ նշած նորմերը չէին առաջարկում կառավարությանը մինչ քվեարկությունը, Մելքումյանը խուսափեց պատասխանել ու մտել նիստերի դահլիճ:
Հիշեցնենք, որ ուսանողներն այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո հայտարարեցին, որ դադարեցնելու են դասադուլն ու հացադուլը եւ նոյեմբերի 22-ից ձեռնամուխ են լինում կլոր սեղան ձեւաչափով քննարկումներին: Կլոր սեղանին մասնակցելու են գիտության, կրթության ոլորտի ներկայացուցիչները եւ փորձելու են քննարկումների արդյունքում համոզիչ փաստարկներ ներկայացնել, որ նոր օրենքը գիտության դեմ է:



























