Հայ ազգային կոնգրեսն ու իշխանությունները արտաքին քաղաքականության ոլորտում որեւէ ընդհանրություն չունեն: Այդ մասին սեպտեմբերի 11-ին «Փաստարկ» ակումբում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Վերջինս այսօր հրապարակել է Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը, որում մանրակրկիտ ներկայացվել է հայ-թուրքական հարաբերություններում կոնգրեսի ունեցած մտահոգությունները: Լրագրողների դիտարկմանը, թե կոնգրեսի նախկին եւ ներկա հայտարարույթունները արմատապես տարբերվում են իրարից, Լեւոն Զուրաբյանը ասել է, որ վերջինը ՀԱԿ հայտարարությունն է, իսկ նախորդը՝ ընդամենը կենտրոնական գրասենյակի: Ավելին, ըստ Զուրաբյանի՝ կոնգրեսի հայտարարությունը աղավաղվում է եւ ներկայացվում բոլորովին այլ կերպ: Ըստ Զուրաբյանի՝ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների հրապարակումից հետո Կոնգրեսը միայն արձանագրել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը բխում է հայ ժողովրդի շահերից, ինչը տարատեսակ ու սխալ մեկնաբանությունների հիմք է դարձել: ՀԱԿ համակարգողն անդրադարձավ նաեւ երեկ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի հայտարարությանը, թե ՀԱԿ-ն ու խանությունները տարբերություն չունեն արտաքին քաղաքականության մեջ: «Արամ Կարապետյանը չարաչար սխալվում է»,- նկատեց Զուրաբյանը: