Բյուջեն հավասարաչափ չի արտացոլում սոցիալականության, ինքնիշխանության, ժողովրդավարության եւ իրավական անվտանգության բանաձեւերը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Բյուջեի նախագիծը ներկայացնողները ասում են, որ բյուջեն հավասարակշռված է, բայց ես չեմ գտնում այդ կարծիքը, որովհետեւ գտնում եմ, որ բյուջեն հավասարաչափ չի արտացոլում սոցիալականության, ինքնիշխանության, ժողովրդավարության եւ իրավական անվտանգության բանաձեւերը: Այս բյուջեն չի կարող բուժել մեր պետության, հասարակության, մեզ տանջող ցավերը»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ բյուջեն պետք է արտացոլի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը:, սակայն, ներկայացված բյուջեի նախագիծը բացարձակապես հակասում է  այդ ռազմավարությանը:

«Ընկերներ, կրճատվել է  սոցիալական պաշտպանության ծախսերը, Հայաստանի Հնարապետությունը սոցիալական պետություն է, ինչը նշանակում է, որ աշխատունակ ցանկացած քաղաքացի պետք է աշխատանքով ապահովվի, իսկ անաշխատունակներին պետությունն ապահովի լրացուցիչ նյութական աջակցության միջոցներով, այսօր բյուջեն ձեռնպահ է մնացել այդպիսի միջամտությունից»,-ասաց նա:

Նշենք, որ Ազգային ժողովում այսօր շարունակում է վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանը. օրակարգում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն է:

2018 թվականի բյուջեի քննարկումները մեկնարկել են նախօրեին

ԱԺ այս քառօրյայի օրակարգում ներառվել է 30 օրինագիծ: