ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ տրանսպորտի, կապի, ճանապարհաշինության եւ հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հնարավորությունները։
Կողմերը կարծիքներ փոխանակեցին Չինաստանի համար պետական կարեւորություն ներկայացնող Մետաքսի ճանապարհի վերականգնման վերաբերյալ։ Անդրադարձ եղավ նաեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։
Դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել երկու երկրների միջեւ հնարավոր ծրագրերի իրականացման գործընթացներին:




























