Այս տարվա պետբյուջեի հարկային եկամուտների ապահովումը բարեհաջող է ընթանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, Համաշխարհային բանկի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԲ պատվիրակությունը գլխավորել է Միգարա դե Սիլվան:

Քննարկելով ՀԲ հարկային վարչարարության արդիականացման վարկային ծրագրի իրականացման ընթացքը՝ կողմերը երկուստեք արձանագրել են արդյունքները, որոնցով Միգարա դե Սիլվան բարձր է գնահատել Հայաստանի հարկային ծառայության գործունեությունը եւ ծրագրի արդյունքում վարչարարության ոլորտում արձանագրված դրական քայլերը:

«2017թ. պետբյուջեի հարկային եկամուտների ապահովումը բարեհաջող է ընթանում»,-վստահեցրել է կոմիտեի ղեկավարը՝ նշելով, որ մուտքերի ապահովման արդյունավետության հարցում էական նշանակություն ունեն հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀԲ պատվիրակությանը համագործակցության համար՝ նշելով, որ համատեղ կյանքի կոչված ծրագրերը հաջողությամբ են գործում: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ունենալով կառուցողական գործընկերության կայացած փորձ: