Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նպատակահարմար է համարում Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) եւ Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների վերաբերյալ կոնֆերանսի(ԱՓՎՄԿ) միավորումը:
«Եթե ԵԱՀԿ-ը եւ ԱՓՎՄԿ-ը միավորվեն եւ աշխարհամասի մեր հատվածում ունենանք անվտանգության միասնական կազմակերպություն, դա մեծ գործ կլիներ; Ահա իմ վերջնական գաղափարը», - հայտարարել է նա Աստանայի ակումբի նստաշրջանի ընթացքում, փոխանցում է նախագահի մամուլի ծառայությունը:
Նա նշել է, որ Ասիական աշխարհամասը աշխարհի խիտ բնակեցված տարածաշրջան է հանդիսանում, որտեղ առաջանում են ամենամեծ հակամարտությունները: Նազարբաեւը հիշեցրել է, որ ԱՓՎՄԿ առաջին նստաշրջանը անցկացվել է Ալմաթիում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հարաբերությունների սրման ժամանակահատվածում:
«Ասիայի 16 երկրների առաջին հանդիպումն անցել է Ալմաթիում: Եվ այդ ժամանակ սուր հակամարտության մեջ էին Հնդկաստանն ու Պակիստանը: Այնտեղ հանդիպեցին այդ պետությունների առաջնորդներն ու կանխեցին փաստացի պատերազմը», - նշել է Նազարբաեւը:
ԱՓՎՄԿ-ը ստեղծվել է ասիական երկրների փոխհարաբերությունների ու համագործակցության ամրապնդման համար: Այս պահին ԱՓՎՄԿ-ի կազմի մեջ է մտնում 26 պետություն, 12 դիտորդ՝ ներառյալ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ը եւ Արաբական պետությունների լիգան:



























