Երեւանում այսօր՝ նոյեմբերի 16-ին, բացվել է BLS International վիզային կենտրոնը, որը կզբաղվի Հայաստանի քաղաքացիներին Իսպանիայի վիզաների տրամադրմամբ:

Վիզային կենտրոնը բացվել է Ռուսաստանում Իսպանիայի Թագավորության դեսպանության աջակցությամբ: BLS International աութսորսինգային ընկերությունը զբաղվում է իրազեկմամբ, տվյալների հավաքագրմամբ եւ օգնում է վիզա ստանալու համար փաստաթղթերի ձեւակերպմանը: 

BLS International-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեւոն Իսրայելյանը նշեց, որ ընկերությունը Իսպանիայի ԱԳ նախարարության հետ համաձայնագիր է կնքել, ըստ որի՝ վիզաների  տրամադրմամբ է զբաղվում ամբողջ աշխարհում:

«Այսպիսով, փաստաթղթերը մեզ մոտ կպատրաստվեն, այնուհետեւ կուղարկվեն Մոսկվայում Իսպանիայի դեսպանատուն: Դա պայմանավորված է Երեւանում Իսպանիայի դեսպանատուն չունենալով: Գործընթացը մոտ 2 շաբաթ է տեւում՝ փաստաթղթերը հանձնելու օրից սկսած: Հայ զբոսաշրջիկների շրջանում Իսպանիան հանրաճանաչ ուղղություն է, ուստի այսպիսի կենտրոն բացելու որոշում ընդունվեց»,- նշեց Իսրայելյանը՝ հավելելով, որ տարեկան Իսպանիա է ժամանում մոտ 10-12 հազար հայ զբոսաշրջիկ:

Ռուսաստանում Իսպանիայի գլխավոր հյուպատոս Իտսիար Տաբոադան իր հերթին ընդգծեց, որ գրասենյակի բացումն իսպանական կողմի համար անչափ կարեւոր է: «Նախկին վիզային կենտրոնը փակվել է, եւ Իսպանիան պետք է նոր համաձայնագիր ստորագրեր: Մրցույթում BLS International ըներությունն է հաղթել: Մենք այս կենտրոնի բացման նախապատրաստմամբ զբաղվել ենք դեկտեմբերից սկսած, որը բացելու հարցում անչափ շահագրգռված էինք, եւ որին շատ մեծ նշանակություն ենք տալիս»,- նշեց հյուպատոսը:

Նրա խոսքով՝ կենտրոնում կարելի է ստանալ միայն կարճաժամկետ վիզա, առավելագույնը 3 ամսով: Ինչ վերաբերում է երկարաժամկետ վիզային, ապա ուսանողների, ներդրողների, աշխատանքային վիզաները կարելի է ստանալ միայն դեսպանատան միջոցով: Հյուպատոսը հավելեց, որ եթե Հայաստանի քաղաքացին մինչև այս շենգեն վիզա չի ստացել, ապա ավելի լավ է անձամբ կենտրոն դիմի: Իսկ եթե արդեն նախկինում շենգեն վիզա ստացել է, ապա նրա փոխարեն ձեւակերպումներով կարող է զբաղվել նաեւ տուրիստական գործակալությունը:

BLS International-ն աշխատում է ավելի քան 58 երկրում եւ ծառայություններ է մատուցում ավելի քան 2325 ընկերությունների միջոցով:

BLS International կենտրոնը գտնվում է Վարդանանց 14/1 հասցեում: