«Երկիր ծիրանին» ահազանգում է Գեւորգ Սաֆարյանի դեմ բռնությունների մասին։ Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է. «2017 թվականի նոյեմբերի 16-ին, քաղաքական հայացքների համար կալանավայրում գտնվող Գեւորգ Սաֆարյանը (Նուբարաշեն ՔԿՀ-ի իր խցում) ենթարկվել է բռնության:
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա»-ն (հոդված 3) ամրագրում է` խոշտանգումների արգելում. ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Սակայն, կրկին ականատեսն ենք լինում, որ Հայաստանում գործող ապօրինի ռեժիմը չի ապահովում մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների իրականացումը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ բռնության գործադրումը եւ պահանջում վերականգնել նրա խախտված իրավունքները:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը միաժամանակ կոչ է անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են Գեւորգ Սաֆարյանի եւ բազմաթիվ այլ քաղաքական բանտարկյալների անվտանգության հարցով եւ ցանկանում են հաստատել արդարություն, բարձրաձայնել քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող բռնությունների խնդիրը եւ աջակցել նրանց ազատ արձակմանը:



























