«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի մանկապարտեզներից մի քանիսը կարող են փակվել: Այն մանկապարտեզները, որոնք ունեն քիչ թվով սաներ եւ անմխիթար շենքային պայմաններ, դրանց գործունեությունը կկասեցվի:

Համայնքն առաջարկը կառավարությունից է ստացել: Հարցը, սակայն դեռ չի քննարկվել Արմավիրում: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդուհի Երանոսյանը:

«Դրա հետ կապված որոշում, կարգադրություն իջեցված չէ, քննարկում չի եղել: Ավագանու նիստ կլինի եւ հարցը կքննարկվի: Պետք է ուսումնասիրել շենքային պայմանները, սաների թիվը, մանկապարտեզների իրարից հեռավորությունը եւ այլն: Արտագաղթով պայմանավորված երեխաների թիվը քիչ է, կան մանկապարտեզներ, որոնք տարիներով չեն վերանորոգվել»,– փոխանցեց նա:

Արմավիրում թվով 13 մանկապարտեզ է գործում: Քաղաքապետարանից հավաստիացրեցին, որ մանկապարտեզներն անմիջապես քաղաքապետի ուշադրության կենտրոնում են: Երեխաներին բարեկեցիկ կյանքով ապահովելու ուղղությամբ էլ այստեղ բազմաթիվ աշխատանքներ են կատարվել:

Մանկապարտեզներում կրճատումներ անելու առաջարկն արդեն Արարատի մարզի Արարատ քաղաքում մերժել են:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մելքոնյանը պատմեց, որ իրենց առաջարկել են միմյանց մոտ գտնվող մանկապարտեզներից մեկի տնօրենին, հաշվապահին ու գործավարին կրճատել:

«Մի տնօրենը պետք է 2 մանկապարտեզի «յոլա» տաներ: Ասել են, եթե պայմանները բավարարում է, նոր միայն կարող եք առաջարկն ընդունել, մեր պայմանները չեն բավարարում»,– ասաց նա:

Այստեղ 3 մանկապարտեզ է գործում, որից մեկը՝ մասնավոր:

«Մեր մանկապարտեզները իրարից շատ հեռու են գտնվում: Մենք ունենք մեզանից կտրված նաեւ Բանավան թաղամասի մանկապարտեզը, որը միավորել բացարձակ հնարավոր չէ»,– նշեց Մելքոնյանը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում