«Ժառանգություն» կուսակցությունը հույսեր չի կապում վերջին կադրային փոփոխությունների հետ: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը, կադրային այս փոփոխությունները միտված են նոր թարմ շերտ  ավելացնել Հայաստանի ճահճակալած քաղաքական դաշտին: «Չեմ կարծում, որ կադրային այս վերադասավորումները լուրջ քաղաքական մոտիվներ ունեն, ավելի շուտ՝ այս ամենը PR հնարք է: Երբ քաղաքական դաշտը ճահճակալում է, կադրային փոփոխություններ են իրականացնում՝ իբր թե քաղաքական քայլեր են անում»,- ասել է Ստեփան Սաֆարյանը:

Նա նաեւ նշել է, որ նորանշանակ նախարարներից ու քաղաքապետից առանձնակի սպասումներ չունի «քանի որ նրանց նշանակումով նախագահը հստակ հանձնարարական չտվեց արմատախիլ անել այդ ոլորտներում կոռուցիոն դրսուորումները կամ համակարգային լուրջ բարեփոխումներ իրականացնել»:

Նշենք, որ ավելի վաղ, այս առնչությամբ ՀՅԴ առաջնորդ Վահան Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, որ անհատների փոխարինումից ինչ-որ փոփոխություններ պետք չէ ակնկալել: «Անհարժեշտ է իրականացնել համակարգային բարեփոխումներ: Խնդիրներն անհատների մեջ չեն, այլ այն համակարգի, որտեղ գործարարությունն ու քաղաքականությունը սերտաճած են»,- հայտարարել է Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ  եթե նույնիսկ իշխանությունները շրջեն սպիտակ կոստյումներով ու թիթեռնիկ-փողկապներով, դրանից ոչինչ չի փոխվելու: