ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ նոյեմբերի 17-ին, հյուրընկալել է  գյուղատնտեսական կենդանիների արտահանմամբ եւ ներմուծմամբ զբաղվող ֆրանսիական առաջատար «Ժան Պոլ Բուայե» ընկերության ներկայացուցիչներին` անասնապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:

«Անասնապահությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի եւ այսօր զբաղեցնում է Հայաստանի գյուղատնտեսության շուրջ 50%-ը: Միեւնույն ժամանակ մենք դեռ մեծ դաշտ ունենք  ներդրումներ կատարելու եւ զարգացնելու  ոլորտը, ուստի բաց ենք ու պատրաստ քննարկել  տարբեր առաջարկություններ»,-ողջունելով հյուրերին` մասնավորապես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իգնատի Առաքելյանի առաջարկով կողմերը քննարկել են  ՀՀ-ում տոհմաբուծարանների հիմնական պետական ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները:

Ընկերության ղեկավար Ժան Պոլ Բուայեն նշել է, որ Հայաստանն  անասնապահական առեւտրի համար բարենպաստ աշխարհագրական դիրք ունի, ինչպես նաեւ հրաշալի լեռնային արոտավայրեր, եւ իրենք հետաքրքրված են եւ ոգեւորված Հայաստանում ներդրումներ կատարել:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպումից հետո «Ժան Պոլ Բուայե» ընկերության ներկայացուցիչները ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հանդիպել են նաեւ մի շարք անասնաբուծական ընկերությունների հետ եւ քննարկել համագործակցության հնարավորություններ: