Զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանին պատկանող գրասենյակից հայտնաբերված ցուցակում գրանցված զենքերը Ժիրայր Սեֆիլյանին չեն պատկանում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց նրա շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

«Զենքերի այդ ցուցակն առգրավվել է նախաքննական մարմնի կողմից, բայց պարզից էլ պարզ է, որ այդ թուղթը բավականին հին է եւ դրա վրա գրված զենքերն օգտագործվել են արցախյան պատերազմի ժամանակ: Բոլորս էլ գիտենք, որ Ժիրայր Սեֆիլյանը եղել է ջոկատի հրամանատար, Ժիրայր Սեֆիլյանն անձամբ ոչ մի զենքի չի տիրապետում»,-ասաց պաշտպանը:

Այսօր դատարանում նաեւ հրապարակվեցին գործում առկա փաստաթղթերը:

Գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ն 2016թ. մարտի 5-ից իմացել է, որ ինքնաձիգեր եւ փամփուշտներ են տեղափոխվելու եւ այդ ամենն իմանալով հանդերձ, ոչինչ չի արել ենթադրյալ հանցագործությունը կանխելու համար:

«ԱԱԾ-ն ոչինչ չի ձեռնարկել, այլ նպաստել է ենթադրյալ հանցագործությանը: Այսինքն՝ ԱԱԾ-ն թույլ է տվել, որպեսզի այդ զենքերը  կրակեն, որը տեղի չի ունեցել եւ եթե լիներ՝ պատասխանատվույունը Կուտոյանի վրա կընկներ: Իսկ այդ ենթադրյալ հանցագործության հետ առնչություն ունեցող անձանց մի մասին ազատ են արձակել, մի մասին էլ տուն են ուղարկել, ինչպե՞ս է նման որոշում կայացվել»,-ասաց նա:

 Նշենք, որ այս գործով մեղադրվում են Ժիրայր Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը:

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: