Դեկտեմբերի 17-ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանի պետա-իրավական հանձնաժողովի նիստ «Ընտրական նոր օրենսգրքում առաջարկվող փոփոխություններ» թեմայով։
Նիստի բանախոս, «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը հակիրճ ներկայացրել է «Ժառանգության» եւ ՀՅԴ–ի կողմից ընտրական օրենսգրքում առաջարկվելիք փոփոխությունները, որոնք ըստ բանախոսի, ընտրությունները կդարձնեն ավելի թափանցիկ, վերահսկելի հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչների եւ դիտորդների մասնակցությամբ։
Քննարկման մասնակիցների մի մասը կարծիք է հայտնել, որ իշխանության բռնազավթումը իրականացրած անձիք երբեւէ չեն իրականացնի արդար եւ թափանցիկ ընտրություններ, շատ լավ գիտակցելով, որ արդար ընտրությունների ժամանակ իրենք չեն ստանա ժողովրդի մեծամասնության աջակցությունը, ուստի ժողովրդի մասնակցությունը որեւէ համապետական ընտրության ոչ այլ ինչ է, եթե ոչ բռնազավթած իշխանության օրինականացում, լեգիտիմացում։
Ժողովրդի ճնշող մեծամասնությունը չի ցանկանում մասնակցել անարդար ընտրությունների, ուստի, հերթական համապետական անարդար ընտրությունները կանխարգելելու համար, քննարկման ժամանակ կարծիք է հայտնվել, որ ստեղծված իրավիճակից ելք է նաեւ ընտրությունները բոյկոտելը։




























