Սյունիքի մարզի եւ Հայ-կանադական առեւտրաարդյունաբերական պալատի ու Կանադայի տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի միջեւ այսօր՝ դեկտեմբերի 17-ին ստորագրվել է համագործակցության վերաբերյալ պայմանագիր:
Տարածքային կռավարման նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստաղթուղթը ստորագրել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ պալատի տնօրենների խորհրդի նախագահ Ազատ Վարդանյանը:
Կողմերի միջեւ համագործակցությունն ուղղված է լինելու Սյունիքի մարզի զարգացմանը, մի շարք` կրթության, առողջապահության, զբոսաշրջության, լեռնահանքային ու վերամշակման ոլորտներում ծրագրերի իրականացմանը:
Ըստ ստորագրված փաստաթղթի` պալատն աշխատանքներ է իրականացնելու ներդրումների ներգրավման, միջազգային ծրագրերի ֆինանսավորման կազմակերպման, Հայաստանում նախագծերի իրագործմանը կանադական առաջատար ընկերությունների եւ կազմակերպությունների ներգրավման ուղղությամբ:
Կանադայի տեղեկատվայնացման միջազգային ակադեմիան (այն ՄԱԿ-ի Գերագույն խորհրդատվական ստատուսի (ԷԿՈՍՈՍ) կազմում գործող ոչ կառավարական կազմակերպություն է) նախատեսում է Հայաստանում գտնվող իր մասնաճյուղի միջոցով Սյունիքի մարզում ստեղծել լեռնահանքային եւ լեռնավերամշակման, կառավարման բնագավառների մասնագետների պատրաստման ու վերապատրաստման ուսումնական կենտրոն:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ողջունել է փաստաթղթի ստորագրումը` նմանատիպ համագործակցությունները կարեւոր համարելով տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից:




























