Հայ ազգային կոնգրեսը 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովից որեւէ ակնկալիք չունի: NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով հանձնաժողովի աշխատանքը, նման կարծիք հայտնեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը եկող շաբաթ ներկայացնելու է իր վերջնական զեկույցը:
«Ոչ մի ակնկալիք չունենք: Մենք ի սկզբանե ասել ենք, եւ հանձնաժողովի հետագա գործունեությունը ապացուցեց դա, որ կոծկման եւ պարտակման հանձնաժողով է: Դա հանձնաժողով է, որտեղ ընդգրկված են ի սկզբանե կողմնակալ դիրքորոշում ունեցող անձինք: Վերջում էլ ապացուցեցին, որ որեւէ ցանկություն չունեն ճշմարտությունը բացահայտելու: Հակառակը, նրանց ջանքներն ուղղված են ճշմարտությունը կոծկելու գործին»,- նկատեց Զուրաբյանը, որպես վերջին փաստ ներկայացնելով փաստահավաք խմբի 4-րդ զեկույցում ներկայացված փաստերը ստուգելու հանձնաժողովի քայլը: «Դա ծիծաղելի է ուղղակի: Մարդիկ զրուցել են պահեստապետի հետ եւ պարզել ըստ պահետսապետի, որ նման բան չի եղել: Շատ տպավորիչ աշխատանք էր»,- հեգնեց Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ լուծարված փաստահավաք խմբի անդամները ժամանակավոր հանձնաժողովին էին ներկայացնել փաստաթուղթ, ըստ որի մի շարք օլիգարխների եւ պետական պաշտոնյաների մարդկանց մարտի 1-ին համազգեստ է բաժանվել՝ ապօրինի զորամիավորումներ ստեղծելու եւ խաղաղ բնակչության դեմ օգտագործելու համար: Փաստահավաք խմբին ժամանակին թույլ չէին տվել ստուգել այդ փաստերը, իսկ ժամանակավոր հանձնաժողովը հայտարարեց, թե նման բան չի եղել:




























