Թերթը գրում է. «Դեկտեմբերի 15-ն, ըստ ամենայնի, Ադրբեջանի արտաքին քաղաքականության «հերթական հաջողությունների» տարեգրության մեջ կգրվի ոսկե տառերով: Այդ օրը, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են խանդավառ գրում (հետաքրքրական է` ինչո՞ւ մի քանի օր ուշացումով), Իլհամ Ալիեւին զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` պետքարտուղարն ափսոսանք է հայտնել «Ադրբեջանին վերաբերող հրապարակումների առթիվ, որոնք տեղ են գտել WikiLeaks-ի կայքում եւ հավաստել, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար մնում է «որպես կարեւոր գործընկեր»:
Հիլարի Քլինթոնն, այսպիսով, ակնարկ իսկ չի հնչեցրել, որ «այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում», ինչից հետեւում է, որ նրա զանգը եղել է զուտ արարողակարգային: Ավելի ճիշտ կլինի թերեւս եզրակացնել, որ Վաշինգտոնը պարզապես «հուղարկավորել է» Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքական ուղեգիծը, որ մինչեւ վերջին ժամանակներս ընդունված էր համարել «հավասարակշռված», եւ այժմ եկել է «ցավակցելու ժամանակը»:
Ի՞նչ է սպասվում առաջիկայում: ԱՄՆ-ը հավանաբար կփորձի լավագույնս օգտագործել հնարավորությունը: Բայց չպետք է բացառել, որ մյուսները նույնպես ձեռնպահ չեն մնա «գաղտնազերծումների» միջոցով Բաքվին զգուշացումներ անելու առիթն օգտագործելուց: Բացառված է, որ «մի անգամ ուրացողը» չուրանա երկրորդ եւ ավելի անգամ: Այսինքն, եթե ամերիկյան դիվանագետների հետ հանդիպումներում Իլհամ Ալիեւն իրեն թույլ է տվել ոչ պատշաճ արտահայտվել Թուրքիայի կամ Ռուսաստանի հասցեին, ապա ի՞նչ երաշխիք, որ ռուսաստանցի կամ թուրք զրուցակիցների հետ էլ նա նույն կերպ չի վարվել ամերիկացիների հանդեպ:
Մանավանդ որ Օբամայի նախագահության ամենասկզբից հարաբերությունները Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ ակնհայտորեն բարվոք չեն: Հիշենք թեկուզ, որ Իլհամ Ալիեւը չընդունեց հորդորը եւ չմեկնեց Թուրքիա, երբ այնտեղ էր ժամանում Միացյալ Նահանգների նախագահը: Ի դեպ, դա պաշտոնն ստանձնելուց հետո Օբամայի առաջին արտասահմանյան ուղեւորությունն էր, ինչին հետեւեց Վաշինգտոնի կողմից Իլհամ Ալիեւին անտեսելը միջուկային անվտանգության հարցերով խորհրդաժողովի հրավիրյալների մեջ:
Հատկապես այդ շրջանին է համընկնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների որոշակի առաջընթացը: Ուստի գրեթե վստահաբար կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիեւն այդ ընթացքում ռուս դիվանագետների եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփումներում իրեն թույլ տված կլինի ոչ դիվանագիտորեն արտահայտվել ամերիկյան վարչակազմի հասցեին: Հիշենք նաեւ, որ դա հայ-թուրքական «պատմական հաշտեցման» քայլերի ժամանակաշրջանն էր, եւ պատկերը, կարծում ենք, ավելի առարկայականորեն կուրվագծվի»:




























