«Ժառանգություն» կուսակցության վարչության եւ Ազգային ժողովում նույնանուն խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը չի շտապում մեկնաբանություններ տալ կապված իրենց կուսակցությունում տեղի ունեցածի հետ:
Հիշեցնենք, 2 օր առաջ «Ժառանգության» վարչությունը կուսակցությունից հեռացրել է Վարդան Խաչատրյանին, Զոյա Թադեւոսյանին եւ Մովսես Արիստակեսյանին: Վերջինս, ի դեպ, ըստ կուսակցության համամասնական ցուցակի, պետք է ԱԺ-ում փոխարինի Րաֆֆի Հովհաննիսյանին, ով հրաժարվել է պատգամավորական մանդատից:
«Ես մեկ-երկու օրից նոր կխոսեմ: Սպասում եմ կուսակցության շարքային անդամների ռեակցիային, որից հետո նոր կարող եմ մեկնաբանություններ տալ»,- լրագրողներին ասաց նա:
Իսկ ահա Զոյա Թադեւոսյանն արդեն հայտարարել է, որ իրեն հեռացրել են, քանի որ համարում են, որ ինքը Հայ ազգային կոնգրեսի գործակալ է: Կուսակցության նորընտիր ղեկավար Արմեն Մարտիրոսյանը երեկ չի հերքել դա, ասելով, որ հեռացված անդամները ծառայում էին այլ քաղաքական ուժի:



















