Եթովպիայի արքայազն Էրմիաս Սահլե Սիլասը Ամերիկայի հայկական համագումարի կազմակերպած ամենամյա ավանդական ընդունելությանն է մասնակցել:

Ներկաներին  ուղղված իր ուղերձում, արքայազնը նշել է, որ Եթովպիայի եւ Հայաստանի միջեւ փոխհարաբերությունները դարեր առաջ են սկսվել, եւ երկու ժողովուրդների կապն ավելի երկար է եղել, քան  աշխարհի շատ երկրների: Եթովպացիների եւ հայերի միջեւ ակտիվ առեւտրային հարաբերությունները զարգացել են մեր դարաշրջանի երրորդ դարից, ասել է նա՝ հիշեցնելով Հայաստանի անգնահատելի ներդրումը Եթովպիայի պատմության մեջ:

Նա պատմել է իր պապի՝ Եթովպիայի վերջին կայսեր՝ Հայլի Սելասիե I-ի հետ հայերի հանդիպման պատմության մասին:

 1924 թվականին Երուսաղեմ կատարած այցի ժամանակ կայսրը ծանոթացել է 40 հայ երիտասարդներից բաղկացած համույթի հետ: Նրանք բոլորը Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան Թուրքիայից փախած որբեր են եղել: Անսամբլի կատարումները լսելուց հետո կայսրը ապշել է նրանց երաժշտական տաղանդով եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից թույլտվություն է խնդրել երաժիշտներին Եթովպիա բերելու համար:

«Arba Lijoch» անսամբլը ժամանել է Ադիս Աբեբա, որտեղ հանդես է եկել Գեւորգ Նալբանդյանի ղեկավարությամբ: Կայսրը խնդրել է Նալբանդյանին Եթովպիայի օրհներգը ստեղծել, որն ավելի ուշ՝ 1930-ին կայսեր թագադրման ժամանակ հնչել է: Այն Եթովպիայի օրհներգն է եղել 1930-1974 թվականներին:

Նշենք, որ համագումարի  կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ավելի քան 100 հյուրեր, այդ թվում Վաշինգթոնում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: