Հայաստանը դեռ պատերազմի մեջ է: Ճիշտ է պատերազմն այսօր տեղի չի ունենում սահմանի երկայնքով, սակայն պատերազմ է, որն ընթանում է բանակցությունների սեղանի շուրջ: Այն աննկատ է ու բթացնող, սակայն պատերազմ է: Այդ մասին Լիբանանում ունեցած իր ելույթում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Այնտեղ են նաեւ միջազգային ուժերը, որոնք, ճիշտ է, ոչ մի շահագրգռվածություն չունեն, թե Արցախը Հայաստան կլինի, թե Ադրբեջան, Լաչինը Հայաստանին կմնա, թե  Ադրբեջանին, նույնպես` Զանգելանը, բռնագրավված Շահումյանը, Գետաշենը, բայց նրանք ունեն շահեր, տարածաշրջանում հետապնդվող նպատակներ»,- ասել է Մարգարյանն ու հավելել. «Մի կողմում Ադրբեջանն է ու Թուրքիան, նավթն է ու իսլամական աշխարհը, մյուս կողմում մենք ենք ու մեր սարերը, մեր ժողովրդի միակամությունը կամ պառակտումը: Մեզ պետք է Ղարաբաղի հարցում համախմբվածություն, միասնականություն: Մեկ անգամ մենք միասնական եղանք եւ արձանագրեցինք Արցախի դե ֆակտո ազատագրումը, մեզ դարձյալ միասնականություն է պետք այն դե յուրե եւ վերջնակնորեն նվաճելու համար»:

Ըստ Մարգարյանի՝ ցանկացած հարցի հետապնդում մեր իրականության մեջ պետք է ունենա զսպման կարմիր գիծ, ոչ մի կերպ չպետք է վտանգվի Արցախի պայքարը: Արցախի հարցում պետական քաղաքական շրջանակները պետք է ուղղակի զգան ժողովրդային աջակցությունն ու չհամարձակվեն նահանջելու մեր այսօրվա դիրքերից:

Մարգարյանը քննադատել է նաեւ իշխանություններին՝ նկատելով, որ նրանց վարքագծի պատճառով խախտվել է միասնականությունը: «Մեր իշխանական վերնախավը չունի  հարազատ ժողովրդի քաղաքական հենարան եւ ապավինում է այլ ուժերի, տարրերի, որոնց համար գերխնդիրը այլ է` սեփական շահն ու նյութական առավելությունների ապահովումը: Արդյունքում ամեն օր խորանում է ժողովուրդ-իշխանության միջեւ առկա անջրպետը: Օրըստօրե բարդանում է իրավիճակը, վերնախավը ամեն օր ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում այդ ուժերից կամ տարրերից»,- ասել է ՀՅԴ ԲՅուրոյի ներկայացուցիչը: Վերջինիս կարծիքով, «որքան կախվածությունը մեծանում է, այնքնան դժվարանում է երկրում արդարության եւ ժողովրդավարության հաստատման գործը: Մինչդեռ անհրաժեշտ է, քաղաքական կամք ու սկզբունքային կեցվածք դրսեւորել, հետեւողականորեն հետամուտ լինել արդարության եւ ազատության հաստատման, ինչը կապահովի ժողովրդական աջակցութուն եւ միաժամանակ հայտնի տարրերի կախվածությունից ձերբազատում»:

Հրանտ Մարգարյանը անուղղակի կերպով քննադատել է նաեւ ընդդիմությանը՝ եւս մեղադրելով միասնականությունը խախտելու մեջ: «Դրոշակ դարձնելով ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները` նրանք, սակայն, մի նպատակ ունեն` հասնել  իշխանության:  Համակարգի բարելավումը չէ նրանց նպատակը, որովհետեւ նրանց համար ոչ թե հայտարարված հարցերն են իրական, այլ երկրի վերջին շրջանի քաղաքական ուղեգիծը: Միասնականությունը խախտվում է նաեւ, երբ փորձ է արվում ազգի մեջ արհեստականորեն պառակտում սերմանել, բաժանարար գծեր  քաշել»,- ասել է նա: