«Ուելսի առողջապահություն» կազմակերպության մասնագետները պարզել են, թե կոնկրետ որ հույզերն են մարդկանց մոտ ալկոհոլ օգտագործելու պահանջ առաջացնում։ Արդյունքները հրապարակվել են BMJ Open ամսագրում, հայտնում է Gazeta-ն։
Հետազոտողներն ուսումնասիրել են 21 երկրներում 18-31 տարեկան 30 հազար հարցվածների պատասխանները, որոնք նշել են, թե ինչպես են իրենց զգում ալկոհոլի կոնկրետ տեսակ օգտագործելուց հետո։
Մասնակիցների 53 տոկոսը հայտնել է, որ ալկոհոլ օգտագործելուց հետո իրենք իրենց թուլացած են զգում։ 50 տոկոսը այդ զգացողությունը կապել է գարեջրի հետ։ Թունդ խմիչքները, ինչպես պարզվում է, ամենից քիչն են նման զգացողություն առաջացնում՝ միայն 20 տոկոսն է նշել, որր ջինը, օղին կամ վիսկին իրենց մոտ հանգստության եւ թուլության զգացողություն են առաջացնում։
Ագրեսիայի դրսեւորումների եւ թունդ ալկոհոլի միջեւ կապ կա մասնակցիների 1/3-ի մոտ։ Ընդ որում, նրանց մեծամասնությունը տղամարդիկ են։ Ալկոհոլից կախվածություն ունեցող տղամարդիկ ագրեսիա են ցուցաբերում մյուսներից 6 անգամ ավելի հաճախ։ Ընդ որում, կարմիր գինին ագրեսիա է առաջ բերել հարցվածների միայն 2․5 տոկոսի մոտ։




























