ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի աշխատակազմը քննում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինի ընկերության մասնակցությունը Թուրքիայի շահերի շրջանակում վավերագրական ֆիլմի ստեղծմանը, որը մերկացնում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ այդպես էլ չավարտված այս ֆիլմի նկարահանման համար Թրամփի նախկին օգնականին պատկանող Flynn Intel Group ընկերությունը մի քանի խորհրդականների է վարձել: Քննիչները հիմա մտադիր են նրանց հետ զրուցել:
Պարբերականի հոդվածում նշված է, որ Ֆլինի ընկերությունը ԱՄՆ-ում անցած տարվա նախընտրական արշավի ժամանակահատվածում Անկարայի օգտին լոբբիստական գործունեություն իրականացնելու վերաբերյալ 530 հազար դոլարի պայմանագիր է կնքել թուք բիզնեսմենի հետ, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մերձավորներից է: Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, Գյուլենի մասին կինոնկարի ստեղծումը այսպիսի լոբբիստական ջանքերի մասն էր: Ըստ որում՝ Flynn Intel Group-ն ամեն կերպ փորձել է թաքցնել իր մասնակցությունը այս ժապավենի ստեղծմանը, հայտնում է պարբերականը:
Անկարայի կարծիքով՝ Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենը խռովության գլխավոր կազմակերպիչն է, որը նրա կողմնակիցները նախաձեռնել էին անցյալ տարվա հուլիսին: Ավելի վաղ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել է քարոզիչին հանձնել կամ նրան կալանավորել իր տարածքում: Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտնել էր The Wall Street Journal-ը, Ֆլինն անցյալ տարվա դեկտեմբերին իբր Նյու Յորքում Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել է Գյուլենի հանձնումը կազմակեպելու հնարավորությունը:
Հատուկ դատախազ Մյուլլերը քննություն է անցկացնում հարցերի կայն շրջանակով, առաջին հերթին՝ Մոսկվային վերագրվող ԱՄՆ նախագահական մրցավազքին միջամտելու փորձերի առիթով:
Ֆլինը Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի հունվարին, սակայն ընդամենը մեկ ամիս անց ստիպված էր հրաժարական ներկայացնել, քանի որ իբր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին անբավարար լիարժեքությամբ էր տեղեկացրել Վաշինգթոնում ՌԴ նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր շփումների մասին: Պաշտոնից Ֆլինի ազատվելուց հետո ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ նա նախկինում գրանցվել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունում որպես «արտասահմանյան գործակալ», քանի որ ներկայացրել է Թուրքիայի շահերը:




























