Կառավարությունում տեղի ունեցած կադրային փոփոպությունները իշխանական բուրգը կոսմետիկ վերանորոգման ենթարկելու նպատակ ունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նա նշեց, որ տեղի ունեցած փոփոխությունները նախընտրական գործընթացների համատեքստում կատարված գործողություններ են, որոնց նպատակը կառավարության կազմը վերադասավորելն է:

«Այդ փոփոխությունները միտված չեն կառավարության թարմացմանը, քանի որ, եթե այդպիսի նպատակ հետապնդվեր, ապա աշխատանքից ազատված նախարարներին կփոխարինեին նոր մարդիկ: Մինչդեռ, բացի Արդարադատության նախարարից, մնացած նախարարները հին դեմքեր են, նույն մարդիկ, ովքեր նույն կառավարությունում այլ պաշտոն էին վարում: Եւ մի կարեւոր հանգամանք՝ ոչ մի նախարարի պաշտոնանկությունը չհիմնավորվեց, բացի արդարադատության նախարարից, ինչն էլ վկայում է, որ ընդամենը վերախմբագրման գործընթաց է տեղի ունենում»,- հայտարարեց քաղտեխնոլոգը: Նրա խոսքով՝ տեղի ունեցած վերախմբավորումները որեւէ լուրջ ազդեցություն չեն ունենալու հանրապետության քաղաքական, հասարակական կյանքի վրա:

«Եթե այդ փոփոխությունների նպատակը երկրում դրական առաջընթաց արձանագրելը լիներ, ապա այդ փոփոխությունների համատեքստում «Ա1+»-ին եթեր կտրամադրեին: Այդ հեռուստաընկերությանը եթեր չտրամադրելու փաստը ի չիք դարձրեց դրական փոփոխությունների մասին տեսությունը»,- հայտարարեց քաղտեխնոլոգը: Ըստ նրա՝ տեղի ունեցած կադրային փոփոխությունները որեւէ կերպ չեն ազդի իշխանական բուրգի վրա, քանի որ այդ բուրգը շարունակելու է գործել նույն տրամաբանությամբ ու սկզբունքներով, ինչպես որ մինչ այդ էր գործում: «Իսկ եթե ԲՀԿ քվոտայով նախարարները հրաժարական տան, այդ դեպքում արդեն կարելի է խոսել իշխանական բուրգի սասանման մասին, քանի որ դա կշանակի, որ կոալիցիան փաստացի փլուզվում է»: «Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, իշխանական բուրգը կայուն է»,- նշեց Բադալյանը