Դիլիջանում բռնկված հրդեհը սպառնում է տարածքի արծվի բներին: Ինչպես NEWS.am-ին հայտնեց ականատեսներից մեկը, հրշեջներին հաջողվել է մարել Հաղարծին եկեղեցու մերձակայքի անտառներում բռնկված հրդեհը, եւ այժմ ծառերին ոչինչ չի սպառնում: Սակայն հրդեհը ճարակել է մի քանի հեկտար խոտ, որն այժմ էլ շարունակում է այրվել: Ականատեսների վկայությամբ, վառվող խոտի ճանապարհին գտնվում են տարածքում հայտնի արծվաբները:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են չորս հրշեջ հաշվարկներ, որոնք փորձում են մարել կրակը:
Առայժմ հայտնի չէ հասցված վնասի չափը: Տարածքի բնակիչները չեն բացառում միտումնավոր հրդեհման հավանականությունը, քանի որ կրակը բռնկվել էր Թեղուտի մերձակայքում:




























