Նոյեմբերի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում հաջողությամբ տեղի ունեցավ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թվով երրորդ տեղաբաշխումը՝ ստանդարտ փակ աճուրդի միջոցով:
Աճուրդի ժամանակ տեղաբաշխվող պարտատոմսերն ունեցան աննախադեպ բարձր պահանջարկ: Դոլարային տրանշի պարտատոմսերի պահանջարկը տեղաբաշխման ծավալի նկատմամբ կազմել է 146%, իսկ դրամային տրանշինը՝ 220%: Այս տարի եւս աճուրդի մասնակիցների զգալի մասը կազմում էին ֆիզիկական անձինք: Նման բարձր պահանջարկը վկայում է տվյալ արժեթղթերի նկատմամբ ներդրողների մեծ հետաքրքրության մասին, ինչը պայմանավորված է վերոնշյալ պարտատոմսերի ներդրումային առավելություններով՝ բարձր եւ գրավիչ տոկոսադրույքներ, բարձր իրացվելիություն:
Դրան նպաստել է նաեւ լավ ֆինանսական ցուցանիշներ ունեցող հուսալի թողարկող ընկերության` «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի նախորդ թողարկումների պարտատոմսերի ձեւավորած ակտիվ երկրորդային շուկան, գործարքների ծավալներն ու քանակը, ինչպես նաեւ մարքեթ֊մեյքերի առկայությունը:
«Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպության հանդեպ ցուցաբերած վստահության եւ թողարկված պարտատոմսերի ձեռքբերման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:





























