Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին տնտեսական նոր ուղեծիր դուրս գալու բարեպնպաստ հնարավորություն է ընձեռել: Այս մասին  նոյեմբերի 27-ին՝ ԱԺ-ում «Ելք» դաշինքի առաջարկով «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ ասաց Երեւանի պետական համալսարանի Կառավարման եւ տնեսության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանից ոչ մեկը չի էլ պահանջել հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից: «Հայաստանը սեփական առեւտրային ռեժիմ ունի, այն սեփական փող ունի եւ սեփական հարկային համակարգ»,- ընդգծեց Սարգսյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշներից ոչ մեկով Հայաստանը ԵՏՄ-ին որեւէ զիջման չի գնացել:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը պարբերաբար բարձրացնում է ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը՝ փորձելով այն ամեն կերպ պահել երկրի քաղաքական օրակարգում: