Ներդրումների ցուցանիշը պետության համար տնտեսական գրավչության հարցում ամենակարեւորն է եւ հիմնականը։ Այս մասին  նոյեմբերի 27-ին՝ ԱԺ-ում «Ելք» դաշինքի առաջարկով «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ 2013 թվականին, երբ Հայաստանը դեռ ԵՏՄ անդամ չէր, երկրում անմիջական ներդրումները կազմում էին 597 մլն դոլար։ «2014 թվականին, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, դրանք կազմում էին արդեն 347 մլն (պաշտոնապես Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել 2015-ի հունվարի 2-ին, խմբ.)։ 2015 թվականին՝ 245 մլն։ Այսինքն՝ կա միանգամից 100 մլն դոլարի անկում»,– նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ 2016-ին Հայաստանում անմիջական ներդրումները կազմում էին 168 մլն դրամ։ Նա նաեւ նշեց, որ ԵՏՄ–ին անդամակցելուց հետո Հայաստանը կորցրել է իր տնտեսական գրավչությունը։