Որպես Ասիայում ապրող եվրոպացիներ, ողջունում ենք Հայաստանը հարազատ քաղաքակրթական տիրույթ տանելուն նպաստող ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» խմբավորումը:
Հայտարարությունում նաեւ ասվում է
«Անշուշտ, ցավալի եւ ամոթալի է, որ այն Հայաստանի անունից կնքում է ժողովրդի իշխանությունը յուրացրած, կոռումպացված ու ոճրագործ գաղութային վարչակազմը, որն Ապրիլյան քառօրյայից հետո եւ «Սասնա Ծռերի» ապստամբության առթիվ բացահայտեց նաեւ իր դավաճանական բնույթն ու էությունը։
Այդուհանդերձ, ԵՄ հետ մերձեցման գործընթացի տերը մեր ժողովուրդն է, ՀՀ քաղաքացին, վաղվա օրվա մտահոգությամբ եւ լուսավոր ապագայի հույսով ու հավատով ապրող հայ մարդը։
Սակայն գաղութային վարչակազմի օրոք Համաձայնագիրն ըստ էության կյանքի չի կարող կոչվել։
Միայն այն բանից հետո, երբ մեր ժողովուրդը ոտքի կկանգնի, ուղիղ ժողովրդավարության ամենաակտիվ ձեւով՝ ապստամբությամբ, կձերբազատվի գաղութային վարչակազմից ու ռուսական գաղութատիրությունից, հնարավոր կլինի իրականություն դարձնել Համաձայնագիրը։ Ավելին՝ այդ ժամանակ հարկ կլինի ԵՄ հետ հաստատել ավելի խորը եւ ամբողջական հարաբերություններ»:
Նշենք, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:




























