Աշխարհում ոչ մի երկիր, հաշվի առնելով արդի իրողությունները, չի փորձում միայնակ գոյատեւել: Այս մասին  նոյեմբերի 27-ին՝ ԱԺ-ում «Ելք» դաշինքի առաջարկով «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նույնիսկ այնպիսի երկրները, ինչպիսին են ԱՄՆ-ն եւ Չինաստանը, փորձում են խոշոր տնտեսական կառույցների մասը դառնալ: «Այս համատեքստում ակնհայտ է, որ Հայաստանն այլ ընտրություն չուներ: Եկեք անկեղծ լինենք: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը պայմանավորված էր երկրի զարգացման համար ռազմական, տնտեսական եւ քաղաքական նախադրյալներ ստեղծելու ցանկությամբ»,- նշեց Հարությունյանը: 

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը պարբերաբար բարձրացնում է ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը՝ փորձելով այն ամեն կերպ պահել երկրի քաղաքական օրակարգում: