Կրթության ոլորտում կան օրենսդրական հակասություններ, որոնց պատճառով ԿԳՆ-ն չի կարողանում սահուն անցումներ կատարել որակավորման մի աստիճանից մյուսին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, առկա բացերը կարգավորելու համար հիմա փորձում են անցնել ընդհանուր կրթական ծրագրի, որպեսզի ՀՀ-ում կրթությունը դիտարկվի մեկ ընդհանուր համակարգի մեջ: «Աշխարհում վաղուց միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթությունը դիտարկում են մեկ ամբողջության մեջ եւ փորձում են ճկուն մեխանիզմներ առաջարկել: Շատ կարեւոր է ճիշտ կազմակերպել անցումը դպրոցից միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության շրջանին: Տարբեր երկրներում այդ անցումը տարբեր եղանակներով է լինում: Մենք ընտրել ենք անհատի ազատականությունը մինչեւ վերջ՝ մինչեւ 12-րդ դասարան պահպանելը, իսկ դրանից հետո ոչ թե նրան ինչ-որ բան է պարտադրում կամ նրա փոխարեն որոշում, այլ նրա առաջ բացում է միջին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունները: Մինչդեռ կան երկրներ, որտեղ, օրինակ, 6-րդ դասարանից պետությունը երեխաներին ստիպում է ընտրել միջին մասնագիտական կրթության այս կամ այն ուղղությունը, ինչն այնքան էլ ճիշտ տարբերակ չէ»,-ընդգծեց նախարարը:

Լեւոն Մկրտչյանը կարեւորեց միջին մասնագիտական հաստատություններին իրենց առաքելությանը բերելը. «90-ականների քաոսային վիճակ էր, երբ մարդիկ սկսեցին ընտրել միայն մի քանի մասնագիտություններ, օրինակ՝ ատամնատեխնիկ: Երկիրն սկսեց կորցնել իր համար շատ կարեւոր մասնագիտությունների որակ, որոնք երկրի առաջընթացի համար շատ կարեւոր են: Մեր բարեփոխումների ամենակարեւոր խնդիրներից մեկը միջին մասնագիտական հաստատություններին բերելն է իրենց առաքելությանը»,-ընդգծեց նա: