2017 թ. հոկտեմբերի 23-ին վարույթն իրականացնող մարմինը հրաժարվել է «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչներին տրամադրել դատահետքաբանական փորձաքննության եզրակացության պատճենը, հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
ՀՔԱՎ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ դա եզրակացությանը ծանոթանալու հնարավոր տարբերակներից մեկն է եւ դրա իրավունքը, համաձայն ՀՀ Քրեական դատարավարության օրենսգրքի դրույթների, տուժող կողմն ունի:
Հիշեցնենք՝ 2017 թ. սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա բռնության գործադրմամբ խոչընդոտվել է Նարինե Ավետիսյանի լրագրողական, մասնագիտական գործունեությունը, երբ վերջինս փորձել է նկարահանել հորդառատ անձրեւի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները:
Նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ճանաչվել են տուժողի ներկայացուցիչներ եւ մի շարք միջնորդություններ ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:
Քրեական գործի շրջանակում նշանակված դատահետքաբանական փորձաքննության արդյունքներին տուժող կողմը ծանոթացել է 2017 թ. հոկտեմբերի 23-ին, սակայն վարույթն իրականացնող մարմինը, յուրովի մեկնաբանելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, հրաժարվել է եզրակացության պատճենը տրամադրել տուժող կողմին:
Դրանով վերջինս զրկվել է եզրակացությունը մանրակրկիտ ուսումնասիրելու եւ համապատասխան միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից եւ հայտնվել անհավասար պայմաններում: Այս հիմնավորումներով տուժող կողմի բողոքը Լոռու մարզի դատախազի տեղակալ Գ. Մանուկյանը մերժել է, տուժող կողմը դիմել է դատարան: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ նշանակված առաջին դատական նիստը դատախազ Գ. Մանուկյանի միջնորդությամբ հետաձգվեց: Վերջինս գտնվում է արձակուրդում եւ խնդրել էր բողոքը քննել իր արձակուրդի ժամկետը լրանալուց հետո: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2017 թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12:30-ին:




























