Հայաստանի մայրաքաղաքը եւ առհասարակ երկիրը հեղեղած միկրոավտոբուսները մեծ խնդիրներ են ստեղծում։ Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողներին ասել է «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը։
Նրա խոսքով՝ դրանք անհարմարություններ են ստեղծում ճանապարհային երթեւեկության համար, ինչպես նաեւ տնտեսական, էկոլոգիական եւ բարոյական խնդիրների պատճառ դառնում։ «Ավելի քան 20 տարի մենք փորձում ենք պայքարել այդ երեւույթի դեմ։ Իսկ պայքարը ենթադրում է միկրոավտոբուսների քանակի կրճատում, աստիճանական անցում էլեկտրական տրանսպորտին»,– ասել է Պողոսյանը՝ հավելելով, որ դա այն ուղին է, որով վաղուց գնում է քաղաքակիրթ աշխարհը։




























