Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով նիստին ամբաստանյալներից Արամ Մանուկյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավորին: Նա նշեց, որ դատարանն անաչառ չէ եւ պաշտպանության կողմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում:
«Ձեր գործողություններից երեւում է, որ չեք կարող գործի քննությունը շարունակել: Ես գտնում եմ, որ դատարանն ունի մեղադրական դիրքորոշում: Դատարանը կարգի չի հրավիրում մեղադրող դատախազին, որն իմ պաշտպանյալին ասում է` «Ձենդ արա»: Պաշտպանության կողմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է սա դատարանի կողմից»,-ասաց նա:
Ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ նշեց, որ դատարանն իր գործողություններով փորձում է կաշկանդել պաշտպանության կողմին. «Ձեր գործողություններով փորձում եք կաշկանդել փաստաբաններին: Փաստաբանների վարքագծի մասին կանոնագիրքն եք Ձեզ հետ բերել, պարզ է, որ Փաստաբանների պալատը վաղուց գործիք է դարձել, ոչ թե ինքնակազմակերպող մարմին է, գոնե պետք չէ դա բացահայտ ցույց տալ: Ձեր գործողություններն ակնհայտ խոսում են պաշտպանության կողմի նկատմամբ անհարգալից վերաբերումնքի մասին»:
Մյուս պաշտպանները եւս միացան Հարություն Բաղդասարյանի միջնորդությանը:
Նշենք, որ դատարանն այսօր մերժեց Հարություն Բաղդասարյանի միջնորդությունը` իր պաշտպանյալ Արամ Մանուկյանին տուժող ճանաչելու մասին: Ամբաստանյալներից Արամ Հակոբյանը հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ Արամ Մանուկյանին գնդակահարել են այն ժամանակ, երբ նա օգնության է հասել հորը եւ դատարանը մերժելով նրան տուժող ճանաչելու միջնորդությունն, ապացուցում է, որ պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունների վերաբերյալ որոշումները դատարանի «գրպանում դրված են»:
Ամբաստանյալներից Վարդան Գերավետյանն էլ նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները ոստիկանության ՊՊԾ գնդում հնարավորություն են ունեցել ոստիկանների վրա կրակելու, նրանց սպանելու, բայց դա չեն արել. «Մենք կարող էինք նռնակ նետել եւ սպանել ոստիկաններին, մենք դա չենք արել, որովհետեւ սպասում էինք ժողովրդի ինքնակազմակերպմանը: Հարյուրավոր զոհեր ոստիկանները կարող էին ունենալ, բայց մենք զրուցել ենք, ասել ենք, որ մենք ձեր վրա չենք կրակի, դուք մեր տղաներն եք, պաշտպանները: Բայց նրանք կրակեցին մեզ վրա, գնդակահարեցին մեզ: Այս ամենն արվում է այս ազգը վերացնելու համար»:
Մեղադրող կողմը առարկեց Հարություն Բաղդասարյանի միջնորդությանը:
«Ես քիչ առաջ, երբ դիրքորոշում էի հայտնում, մի քանի անգամ միջնորդեցի դատարանին, որպեսզի դատարանը ամբաստանյալների նկատմամբ սանկցիա կիրառի, դա չարվեց, հիմա այդ հանգամանքն անտեսելով, խեղաթյուրելով իրականությունը, հիմքեր են ներկայացնում ինքնաբացարկի: Ես կարծում եմ, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է»:
Դատարանը վերադառնալով խորհրդակցական սենյակից` մերժեց Հարություն Բաղդասարյանի միջնորդությունը:
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող այս գործով արտագնա նիստը նախագահում է դատավոր Արթուր Օհանյանը:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:




























