ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մայրական կապիտալի ծրագիրը երկարացնել մինչեւ 2021թվականի վերջը եւ այն կիրառել  որպես ամենամսյա վճար այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ամենաշատն ունեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ մայրական կապիտալի ներդրումից անցել է 11 տարի, ու ծնողներն, ընտանիքներն անկասկած ակնկալում են այդ միջոցները, եւ  այն նպաստում է ծնելիության աճին։:

ՌԴ ղեկավարն առաջարկել է մայրական կապիտալի օգտագործման հավելյալ հնարավորություններ մտցնել. «Մայրական կապիտալի միջոցները հնարավոր կլինի ստանալ ամենամսյա վճարների տեսքով այն ընտանիքներին, որոնք ամենակարիքավորն են», -ասել է Պուտինը:

Ըստ նրա՝ մոտեցումը հասցեական է լինելու. «Այսինքն՝ վճարները կորոշվեն շրջաններում երեխայի կենսապահովման համար անհրաժեշտ նվազագույն բյուջեի չափով եւ եկամուտներ ունեցող ընտանիքներին՝ որոնց եկամտի չափը չի գերազանցում աշխատունակ բնակչության կենսապահովման  համար անհրաժեշտ նվազագույն բյուջեի մեկուկես անգամը», - ասել է ՌԴ ղեկավարը: